ՆԱՐ-ԴՈՍ (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս - 13.7.1933, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), գրող: Սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի ուսուցչական սեմինարիայում: 1890-1906-ին՝ «Նոր դար» թերթի պատասխանատու քարտուղար, 1913-18-ին՝ «Սուրհանդակ» թերթի աշխատակից: Նար-Դոսը սկգբնական շրջանում գրել է բանաստեղծություններ, այնուհետև պատմվածքներ, ֆելիետոններ, դրամատիկական գործեր: 1886-ից գրել է վեպեր, վիպակներ: Մխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում Նար-Դոսը հրատարակել է «Ճշմարիտ բարեկամը» (1886), «Բարերար եւ որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունեան» (1890) վեպերը: Նար-Դոսը «Մեր թաղը» պատմվածաշարում պատկերել է քաղաքի ընչազուրկ խավին, խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), դաժանությունն ու կոպտությունը («Թէ ինչ եղաւ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», 1890, «Տոպոպ», 1890), հարբեցողությունը («Հոգուն վրայ հասաւ», 1889): «Աննա Սարոեան» (1888) վիպակում վեր է հանել ընտանիքի քայքայման սոցիալական և հոգեբանական պատճառները: «Ես եւ նա» (1889) պատմվածքում անհատի ճակատագիրն է՝ իր տարուբերումներով: 1891-ից Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է հոգեբանական վերլուծությունը: «Սպանուած աղաւնի» (1898) վիպակում պատկերված է հայ կնոջ բարդ ու ողբերգական ճակատագիրը, «Նեղ օրերից մեկը» (1904), «Մի օր աշնանը» (1907), «Խմբագիրը» (1913) պատմվածքներում՝ հայ մտավորականության գրկանքներով ու դժվարություններով լի կյանքը: «Պայքար» (1911) վեպում ներկայացրել է իր ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝ պահպանողական և ազատամիտ կամ այսպես կոչված նորարական ու մշակականՆար-Դոսի կիսանդրին Երևանում: Քանդակագործ՝  Ս. Մանասյան բախումը: Դա ընդունելով որպես ելակետ՝ գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի դրամատիզմը:

Նար-Դոսի «Մահը» (1912) վեպը հայ իրապաշտական գրականության նվաճումներից է, որտեղ շատ ավելի լայն ու խորն են ներկայացված հայ մտավորականության կենղացն ու հասարակական պատկերը: Գրողը ժողովրդի բարօրությանը կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումներին հակադրել է եսամոլությունը, շահամոլությունը: Նար-Դոսը ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետես, հայացքները որդեգրած, «առանց դավանանքի» անհատի անկումը, որին հակադրել է թուրք, բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատի կերպարը: Պատերազմի դեմ է ուղղված Նար-Դոսի «Անհետ կորածը» (1920) պատմվածքը: Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրել է «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ, «Վերջին մոհիկանները» (1930) պատմվածքը: Նար-Դոսը  Ա. Շիրվանզադեի և Գ. Զոհրապի հետ զարգացրել է հայ իրապաշտական գրական հոգեբանական ուղղությունը: 

 

Գրականության ցանկ

Նար-Դոս, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 211-212:

ԵԼԺ, հ. 1-7, Ե., 1938-50:

Երկ., Ե., 1977:

Գրկ. Հովհաննիսյան Գ., Նար-Դոս, Ե., 1959:

Հովսեփյան Գ., Նար-Դոս, Ե., 1961:

Սարգսյան Ս., Նար-Դոս (կյանքը և ստեղծագործությունը), Ե., 1973:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am