Նորություններ
Տպել

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համատեղ նախաձեռնությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի շնորհանդեսը:

Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի թարգմանել են Մատենադարանի գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը, իսկ իրանագիտական մասով զբաղվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը: Գրքի գլխավոր խմբագիրը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան, պ.գ.դ. Վահան Բայբուրդյանն է, ով նաև հեղինակել է գրքի առաջաբանը: Նշենք, որ գիրքը տպագրվել է Թեհրանի «Ալիք» տպարանում:

            Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ «654» մատյանն է:  Երկրորդ մատյանը պահվում է Երևանի Մատենադարանում, որը 1945 – 1946 թթ. Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը (ՄՄ, ձեռագիր «10555»):

Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական  հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը շատ կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության (17-18-րդ դդ.) ուսումնասիրման համար:

«Ներկա աշխատությունը, որ տպագրվել է, շատ կարևոր ու արժեքավոր սկզբնաղբյուր է: Ստեփանոս Երեցն այս աշխատությունում  ներկայացրել է 17-րդ դարավերջի և 18-րդ դարի պատմական իրադարձությունները: Պատմագիրքն անկեղծորեն է շարադրված, առանց որևէ միտումների, և ուղղվածությունների, որը շատ կարևոր է որպես սկզբնզղբյուր: Ստեփանոս Երեցը լինելով քահանա աշխատությունն ամբողջությամբ շարադրել է գրաբարով, սակայն նույն այդ գրաբարյան տեքստում մենք նկատում ենք բազմաթիվ բարբառային տարրեր, որոնք վերաբերում են թե՛ հայերենին, թե՛ պարսկերենին: Մեջբերումներ կան, որոնք գրված են հայատառ պարսկերենով: Հետևաբար, որպես սկզբնաղբյուր, բացի պատմագիտական նշանակությունից, աշխատությունն ունի նաև բանասիրական, լեզվաբանական նշանակություն: Գրքի կարևոր կողմերից մեկն այն է, որ այս աշխատությանը մի ողջ ազգարական նյութ է պարունակում իրանահայոց կենցաղի, մշակույթի, մտածելակերպի, նույնիսկ որոշակի առումներով՝ ավանդույթների ու սովորույթների մասին: Ուստի, սա էլ մյուս կարևոր կողմն է գիտական աշխատության, որը ազգագրագետների համար ևս հավաստի տեղեկություններ է պարունակում», - նշեց Հ. Կիրակոսյանը:

Իրանագետը վստահ է, որ սկզբնաղբյուրն անպայման կծառայի իր նպատակին և կարժանանա պատմաբանների, բանասեր-լեզվաբանների ու ազգագրագետների ուշադրությանը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am